Նոյեմբերի 5-ին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Երկու կառավարությունների անդամները, վարչապետների գլխավորությամբ, սկզբում այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել այնտեղ: Վարչապետները հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու գործադիր մարմինների համագործակցության հիմնական ուղղություններն ու խնդիրները: Ողջունելով ՀՀ գործընկերներին՝ Արա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հրավերն ընդունելու համար:
Արցախի իշխանությունների անունից նա շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ ԼՂՀ նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանին արժանանալու առթիվ: Արցախի վարչապետը հաջողություններ է մաղթել Կարեն Կարապետյանին՝ նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Ցանկանում եմ հաջողություններ մաղթել Ձեզ, պարոն վարչապետ՝ այս պատասխանատու ժամանակահատվածում կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դա աշխատանք չէ, ծառայություն չէ, դա առաքելություն է, և, այդ առումով, ինչ-որ տեղ նաև Ձեր հաջողությամբ է պայմանավորված մեր ազգի ապագան: Այն վստահությունը, որ այսօր կա հայ ազգի մոտ՝ ոչ միայն ՀՀ-ում, ԼՂՀ-ում, այլ նաև՝ Սփյուռքում, համոզված եմ, որ արդարացվելու է: Ոչ միայն ՀՀ-ն է Ձեր պաշտոնավարման ժամանակ հաջողություններ արձանագրելու, այլև Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության առումով արդյունքները ևս պայմանավորված են լինելու Ձեր հաջողություններով»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը նշել է, որ իրեն պարտավորված է զգում և գործնական է տրամադրված երկու կառավարությունների միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու և փորձի փոխանակումն ընդլայնելու գործում: «Արցախի Հանրապետության վարչապետի հետ մենք գաղափարակիցներ ենք, և տնտեսության զարգացման մեր պատկերացումները նույնն են: ՈՒստի, ակնկալում եմ առավելագույն արդյունավետ աշխատանք՝ առկա խնդիրների վերհանման և քննարկման ժամանակ, ինչպես նաև հետագա համագործակցության ընթացքում դրանց լուծումներ տալու գործում»,- նշել է ՀՀ վարչապետը:
Այնուհետև ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է 2007-2015 թթ. ընթացքում տնտեսության զարգացման ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն՝ անդրադառնալով տարբեր ոլորտների զարգացման գործիքակազմերին և խնդիրներին: Կարեն Կարապետյանը, տպավորիչ և օրինակելի համարելով ներկայացված մակրոցուցանիշները, ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտների զարգացումը խթանող նոր գործիքների մշակման անհրաժեշտության վրա: